Հասարակություն 

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում

Ապրիլի 1-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին վարչական շրջանում գրանցված արտակարգ պատահարների և թեժ գծերով ստացված հարցերի ուսումնասիրությանն ու լուծման ընթացքին վերաբերող տեղեկություններ:

 

Ի կատարումն վարչական շրջանի ղեկավար Ա.Ուլիխանյանի հանձնարարականի՝ ներկայացվեց վարչական շրջանում ցանկապատված և անխնամ տարածքների վերաբերյալ տեղեկատվություն՝ հետագայում դրանք խաղահրապարակների և հանգստի անկյունների վերածելու ուղղությամբ աշխատանքներում ընդգրկելու համար:



Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը:



Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:
Հանձնարարվեց հետևել, որպեսզի տնտեսվարողները քայլեր ձեռնարկեն իրենց տարածքները սակավաշարժ խմբերին հարմարեցնելու ուղղությամբ՝ մասնավորապես կառուցեն թեքահարթակներ:



"Ձեզ համար կանայք" առողջապահական ակցիայի շրջանակներում հետազոտվող ու բուժ. սպասարկում անցնող կանանց թվաքանակի վերաբերյալ տվյալներ զեկուցվեցին. հանձնարարվեց շարունակել այցելությունները բուժ. հիմնարկներ և հետևել սպասարկման որակի ապահովմանը:



Զեկուցվեց թատրոնի օրվա առթիվ իրականացված միջոցառումների և հումորի միջազգային օրվա հետ կապված իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
"Նոր Նորք կանաչապատում" ընկերությանը հանձնարարվեց աշխատանքներ տանել ապրիլի 12-ին իրականացվելիք համաքաղաքային ծառատունկին ու շաբաթօրյակին պատշաճ պատրաստվելու համար:

Նույն շարքից