ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ նախօրեին Երևանում կայացել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կանանց և տղամարդկանց հավասարության հարցում քաղաքացիական հասարակության ավանդը» խորագրով տարածաշրջանային սեմինար:
Սեմինարին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի անդամ վեց երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիա, Մոլդովա և Ռումինիա) ֆրանկոֆոնիայի պատասխանատուները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեմինարին բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Շանտալ Մորենոն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայի դեսպանության գործերի հավատարմատար, Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ներկայացուցիչ Նիկոլա Ֆայը:
Կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով ֆրանկոֆոն ցանցի համակարգող Նդիորո Նդիայի մասնակցությամբ անցկացված այս սեմինարը հասարակական կազմակերպությունների և կառավարությունների՝ Ֆրանկոֆոնիայի պատասխանատու ներկայացուցիչների միջև երկխոսության և փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռել:
Սեմինարի շրջանակներում քննարկվել են կանանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների դեմ պայքարի, կանանց քաղաքական մասնակցության, կանանց տնտեսական անկախության ապահովման և կրթության ու վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ոլորտների վերաբերյալ ստեղծել տվյալների բազա, որի հիման վրա կիրականացվի պարբերական բնույթ կրող գնահատում: