Հայաստան Քաղաքականություն 

Եթե որոշումը չփոխվի, ապա ցույցը դոմիանոյի էֆեկտով տարածվելու է ՀՀ բոլոր քաղաքներում

analitik.am

Բաղրամյան պողոտայում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ մի շարք պատգամավորներ իրենց կարծիքը հայտնեցին այս օրերին Երևանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե որոշումը չփոխվի, ապա ցույցը դոմիանոյի էֆեկտով տարածվելու է ՀՀ բոլոր քաղաքներում:

«Այս ակցիան կբերի փոփոխության, ինչ որ ձև պետք է գտնվի, որ այդ ձևը բավարարի բոլորին: ՀԷՑ-ը պետք է այս ամենի արդյունքում առողջացվի, որ մենք այլևս խնդիր չունենանք պայքարել հետևանքի դեմ, պետք է թույլ չտանք սխալներ անել ի սկզբանե»,-նշեց նա:

Միքայել Մելքումյանի կարծիքով բազմաթիվ տարբերակներ կան լուծելու այս խնդիրը. «ՈՒղղակի իշխանությունը պետք է քաղաքական որոշում ընդունի: Պատրա՞ստ է իշխանությունը գնալ այդ քայլին, դա է հարցը»:

Թևան Պողոսյանի կարծիքով էլ երիտասարդների պահանջը պետք է ընդունվի, մեկ ամիս կարելի է բանակցություններ անել իշխանությունների հետ:

«Պետք է նաև միջազգային աուդիտը նայի խնդիրները, առողջացման ուղիները զարգացվեն և այսպես շարունակ»,-հայտնեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանն էլ առաջարկում է ազգայնացնել ՀԷՑ-ը, եթե բոլոր միջոցները սպառված լինեն. «Եթե ՀԷՑ-ի պարտքերը պետք է վճարի ՀՀ քաղաքացին կամ Հայաստանը, ապա պետք է ազգայնացնել, որ իմանանք՝ ինչի համար ենք վճարում: Եթե նույն կերպ մնա նորից թանկացում կարող է լինել, քանզի ՀԷՑ-ը միշտ ինչ-որ պատճառներ կբերի»:

Նույն շարքից