Հասարակություն Ռազմական 

Լիտվան ընդգրկվել է ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի ստեղծման խմբում

analitik.am

Բրյուսելում չորեքշաբթի կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների հանդիպման ժամանակ Լիտվան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան, Սլովակիան եւ Էստոնիան միացել են գերմանական «Ազգերի շրջանակային հայեցակարգին»: Այս մասին հաղորդում է Լիտվայի Պաշտպանության նախարարությունը:

«Ազգերի շրջանակային հայեցակարգ»-ը ենթադրում է մի շարք ոչ մեծ երկրների պաշտպանական ոլորտների միավորում՝ ավելի խոշոր՝ «շրջանակային» պետությանը տրամադրվող կազմակերպական հիմքով:

Նախագիծը ՆԱՏՕ-ի երկրներին 2013 թվականին ներկայացրել է Գերմանիան, իսկ խումբը ստեղծվել է 2014 թվականին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նշված 6 երկրների միանալու արդյունքում խումբն այժմ կազմված է Արեւելյան եւ Հյուսիսային Եվրոպայի 16 պետություններից:

Լիտվայի ՊՆ տեղեկացմամբ, խմբի անդամները ծրագրում են ընդլայնել հակաօդային պաշտպանության, հետախուզության համակարգերի, բժշկական աջակցության հնարավորությունները: Այս համագործակցությունը հիմնված է «խելացի պաշտպանության» սկզբունքի վրա, որի դեպքում երկրները միավորում են ռեսուրսները՝ առանձնաբար իրենց անհասանելի պոտենցիալ ստեղծելով:

Նախագծի անդամ պետությունները պայմանավորվել են, որ ներկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը պետք է դառնա այն միջոցառումների ամրապնդումը, որոնք ՆԱՏՕ-ին թույլ կտան ավելի լավ արձագանքել Արեւելյան Եվրոպայում ստեղծված իրադրությանը:

Նույն շարքից