Ադրբեջանն ու Թուրքիան կարողացել են իրականություն դարձնել Տրանսանատոլիական գազատարը (TANAP): Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ այդ նախագիծը Թուրքիայի համար կարևոր է էներգետիկ պահանջարկը բավարարելու տեսանկյունից, ինչպես նաև երկիրը տարանցիկ տարածքի վերածելու համար՝ Բալկաններ և Եվրոպա էներգառեսուրսների արտահանման համար:
«TANAP-ի շրջանակներում գազատարն Ադրբեջանից Թուրքիա է հասնելու Վրաստանի միջոցով: 16 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազից 6 մլրդ խորանարդ մետրն օգտագործվելու է թուրքական տնտեսության կարիքների համար, իսկ մնացածը հասնելու է Եվրոպա և Բալկաններ»,- ասել է նա:
Գազի ծավալներն աստիճանաբար ավելացվելու են՝ 2026թ.-ին հասնելով 31 մլրդ խորանարդ մետրի, տեղեկացրել է վարչապետը:
Դավութօղլուն նշել է, թե իրենք հավատում են, որ 21-րդ դարն էներգիայի դարն է, իսկ TANAP-ի միջոցով տարբեր երկրներ կմերձենան:
«Դա Կովկասին խաղաղության հեռանկար կբերի, քանի որ այն հայտնի է իր ճգնաժամերով, և այն կամրջով կկապի Բալկաններին»,-ասել է Դավութօղլուն: