Բիզնես Տնտեսություն 

Հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը հետաձգվում է

analitik.am

Կառավարությունն ապրիլի 28-ի նիստում բացասական եզրակացություն է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, հայտնում է Tert.am-ը:

Դրանով առաջարկվում է 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65.000 դրամ՝ գործող 55.000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված, վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստում նշել է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:

«Նվազագույն աշխատավարձը վերջին տարիների ընթացքում 32.000 դրամից հասել է 55.000-ի: 2016 թվականի հուլիսի մեկից նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 65.000 դրամ, սակայն տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդիրը հետաձգվել է»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կառավարության 2014-2017 թթ. ծրագրի համաձայն՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը երեք տարվա ընթացքում պետք է դառնար 65 հազար դրամ:

Նույն շարքից