Խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին:
Օրենքի նախագծի քննարկման ժամանակ բուռն բանավեճ տեղի ունեցավ իմքայլական ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, պատասխանելով իմքայլական Սուրեն Գրիգորյանին, հայտարարեց, թե ընդունում է հայացքների տարբերության փաստը. «Ակտիվ և լավ քաղաքացին նա չէ, ում ուշք ու միտքը մյուսի խախտումը նկարելն ու ոստիկաններին ուղարկելն է: Ակտիվ քաղաքացին նա է, ով խախտում չի անում, չի անում, որովհետև զզվում է խախտում անելուց: Ակտիվ քաղաքացին նա չէ, ով զանգում է քաղմաս, երբ հարևանը ժամը 12-ին երեխու կնունքն է անում, հետո հպարտ դեմքով նստում ու սպասում, որ գան ու հարևանի երեխու կնունքը դադարեցնեն: Ակտիվ քաղաքացին նա է, ով կիջնի, դուռը կծեծի ու կխնդրի ավելի հանգիստ լինել»:
Աբովյանն ընդունում է, որ Հայաստանում ճանապարհներին այլանդակություն է տիրում. «Սակայն այն դադարեցնելու համար մեխանիզմը սխալ է ընտրված»:
Պատգամավորը կարծում է, որ նախագիծը հում է, ինչի արդյունքում վարորդը նույն խախտման համար կարող է մի քանի անգամ տուգանվել: Նա նաև խոսեց ճանապարհների վատ որակի մասին` հայտարարելով, որ կան ճանապարհներ, որտեղ ուղղակի հնարավոր չէ խախտում չանել: