Հոգեբանի անկյուն 

Ասոցիալականացում, դեսոցիալականացում, ռեսոցիալականացում

Ասոցիալականացումն ու դեսոցիալականացումը համարվում են անձի անհաջող սոցիալականացումը բնութագրող տերմիններ, իսկ ռեսոցիալականացումը դրանց շտկմանն ուղղված գործընթաց է: Այսինքն, եթե անձի սոցիալականացման մեջ տեղի են ունենում շեղումներ, ապա մենք գործ ենք ունենում այս երևույթների հետ:

 

Ասոցիալականացումը մի գործընթաց է, որի ընթացքում անձը յուրացնում է հակասոցիալական նորմեր և արժեքներ, որոնք կարող են հանգեցնել սոցիալական կապերի խախտմանը: Անձի ասոցիալականացումը կարող է տեղի ունենալ ինչպես անգիտակցաբար, այնպես էլ գիտակցված և նպատակաուղղված կերպով: Օրինակ, երբ ծնողները կամ որոշակի հանցավոր խմբերի լիդերներ երեխաներին դրդում են հանցավոր գործունեության` օգտագործելով խրախուսանքի և պատժի մեխանիզմները:

 

Դեսոցիալականացումը ասոցիալակակացման հետ կապված գործընթաց է, որի ժամանակ նորմալ ընթացող սոցիալականացման որոշակի փուլում տեղի են ունենում անձնային հատկանիշների և բարոյական արժեքների փոփոխություններ և դրա հետևանքով անձը ընկնում է բացասական շրջապատի ազդեցության տակ: Արդյունքում խախտվում են նախկին դրական արժեքներն ու նորմերը և դրանց փոխարեն ամրապնդվում են հակասոցիալական նորմերն ու բացասական վարքային ձևերը:

 

Ռեսոցիալականացման ժամանակ տեղի է ունենում դրական արժեքների ու նորմերի վերականգնում, եթե անձը ընկել է բացասական շրջապատի ազդեցության տակ  և դեսոցիալականացվել է: Կամ տեղի է ունենում դրական արժեքների դաստիարակում և ուսուցում, եթե անհատը ասոցիալականացվել է:

 

 

 

Նույն շարքից