Գյուղատնտեսությանն արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման ծրագրով գյուղացիներին տրամադրվել է ավելի քան 60 միլիարդ դրամի վարկ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: «Արտոնյալ վարկերից օգտվել են 63 հազար գյուղացիական տնտեսություններ: Եթե հիշում եք սկզբում տոկոսադրույքները 14 տոկոս էին, այս տարի դա թուլացել է որոշակիորեն. բանկերը իջեցրել են մինչև 13, իսկ որոշ դեպքերում մինչև 12 տոկոս: Եթե հաշվի առնենք այն, որ կառավարությունը սուբսիդավորում է այդ վարկերի 4-6 տոկսը, դա բավականին մատչելի է դարձնում վարկերը մեր գյուղացիների համար»,- ասաց Ջավադյանը:
ՀՀ ԿԲ նախագահը նկատեց, որ բարձր մակարդակի վրա է նաև վերադարձելիությունը՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես հաջողված է: «Դուք գիտեք, որ մենք անդրադարձանք նաև կարկտահարության դեպքերին, վարկային պայմանների որոշակի թուլացումներ եղան՝ յուրաքանչյուր գյուղացու հետ անհատական աշխատելու եղանակով: Այս պահին վիճակը նորմալ է: Այս տարվա ապրիլ-հուլիսին 10 հազար նոր գյուղատնտեսական վարկ է տրամադրվել: Եվս 10 հազար վարկ տրամադրվել է օգոստոս-սեպտեմբերին»,- նշեց Ջավադյանը: