ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դեկտեմբերի 19-ին հյուրընկալել է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների տնօրեններին ու բազմավաստակ մասնագետներին: Հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուշամեդալներով է պարգևատրել ոլորտի երկարամյա աշխատակիցներին:
«Ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հուշամեդալով խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վաստակավոր երկրաբան Սաբիր Ստեփանյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանը, «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի էլեկտրամոնտյոր Գագիկ Մելիքյանը:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար: Նախարարը նշել է, որ տասնամյակների ավանդույթ ունեցող հանքարդյունաբերությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ամփոփելով անցնող տարին՝ Երվանդ Զախարյանը արձանագրել է, որ չնայած 2013 թվականի համեմատ 2014 թվականին հանքարդյունաբերության ոլորտում որոշակի հետնահանջ է գրանցվել, այնուամենայնիվ, հանքարդյունաբերողները շարունակում են մնալ հանրապետության խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում: Նախարարը նշել է նաև, որ անցած տարի ոլորտի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել: «Մեր համատեղ ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարմանն ու շահագործմանը: Մենք սերունդների առաջ պատասխանատվություն ունենք, ուստիև իրավունք չունենք անխնա շահագործել ընդերքը»,- ասել է Երվանդ Զախարյանը:
Երվանդ Զախարյանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ, մաղթել առողջություն ու բեղմանվոր տարի: