Հայկ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) այս տարվա առաջին եռամսյակի գործունեության քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրանց ղեկավարներին ըստ էության զգուշացրել է, որ ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և ոչ օբյեկտիվ պատճառներով թերի կատարված աշխատանքների պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության:
Վարչապետի հատուկ ուշադրությունն այս կառույցների նկատմամբ երեւաց նաեւ կառավարության տարածած հաղորդագրության շարունակությունից. «Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունը և արդյունավետությունը»:
Բանն այն է, որ հանրային ընկալման մեջ ԾԻԳ-երի գործունեության մեջ չարաշահումների մեծ տոկոսների մասին պատկերացումը ստեղծվել է դեռեւս 90-ականներին, երբ միջազգային ֆինանսական կազմակերպությունները իրենց ծրագրերը սկսեցին իրականացնել Հայաստանում եւ այդ նպատակով ստեղծեցին իրենց գրասենյակները:
Նախնական շրջանում դժգոհություն էր առաջացնում խորհրդատվական ծառայությունների համար հատկացվող մեծ չափի գումարները, որի արդյունքում վարկեր տրամադրողների կողմից Հայաստան գործուղված օտարերկրյա խորհրդատուները ստանում էին բարձր աշխատավարձեր, իսկ դրա համար վճարում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հետագայում նույնպես ԾԻԳ-երի կոռուպցիոն ռիսկերի մասին շատ էր քննարկվում` թե տարբեր ժամանակների կառավարությունների, թե քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների կողմից: Դրանք վերաբերվում էին գործոնեության տարբեր ոլորտներին`սկսած շինարարության չարաշահումներից, վերջացրած չարդարացված բարձր աշխատավարձերով եւ ԾԻԳ-երի աշխատակիցների ընտրության կամայական մոտեցումներով:
Այդուհանդերձ, առանձին անդրադարձ ԾԻԳ-երի աշխատանքի թափանցիկությանը` կոռուպցիոն դրսեւորումներից զերծ մնալու կոնկրետ պահանջով, վերջին տարիներին վարչապետի մակարդակով չէր արվել: Մնում է հուսալ, որ սրա արդյունքում բավականին կարեւոր ծրագրեր իրագործող այս կառույցների արդյունավետությունը կբարձրանա, իսկ կառավարության ավելի խիստ վերահսկողությունը աշխատաոճ կդառնա հետագա բոլոր կառավարությունների եւ վարչապետերի համար: