Այս տարվա մայիսի տվյալներով՝ Հայաստանում վաճառվող ծխախոտի գինը տարեկան կտրվածքով 8,5 %-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ): Տվյալները վկայում են, որ ծխախոտի գնի բարձրացումը շարունակվում է, և դա սկսվել է 2013 թվականից:
ԱՎԾ-ն ներկայացրել է նաև սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2010 թվականի համեմատ: Ըստ դրա՝ Հայաստանում վաճառվող ծխախոտի գինը այս տարվա մայիսին, 2010 թվականի համեմատ, 22,7 %-ով աճել է:
Դեռևս 2013-ի դեկտեմբերին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը հաստատեց Հայաստանի շուկայում ծխախոտի գնի բարձրացման մասին տեղեկությունը՝1 տուփ սիգարետի համար արձանագրելով 25-30 դրամի թանկացում: Հանձնաժողովը հայտարարեց, որ գնի բարձրացման վերաբերյալ ուսումնասիրություն է սկսելու, սակայն մի քանի օր անց պարզվեց, որ գնի բարձրացումը տեղի է ունեցել հարկային դրույքաչափերի բարձրացման պատճառով, և ծխախոտի գնի բարձրացման մասին հարցերի պատասխանը պետք է տա ոչ թե ՏՄՊՊՀ-ն, այլ՝ Ֆինանսների նախարարությունը:
Նշենք, որ Հայաստանյան շուկայում ծխախոտի տեղական արտադրողների մեջ ակնհայտ առաջատարը «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակն» է: Վերջին տվյալներով՝ (2012 թվական) այս ընկերությանն է բաժին ընկնում Հայաստանում առանց ֆիլտրի ծխախոտի արտադրության 92,3 %-ը, իսկ ֆիլտրովի՝ 50,8 %-ը: Թանկացման ժամանակ այս ընկերությունից հայտարարեցին, որ իրենց արտադրատեսակների գինն անփոփոխ է:Եվ խնդիրն իրացման օղակներից մեջ է: Բանն այն է, որ դեռևս 2011 թվականի վերջին ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք տեղի արտադրողների և ներմուծողների համար հարկային բեռի աստիճանական հավասարում էին նախատեսում: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ ծխախոտը թանկանալու է: Ֆինանսների նախարարության բացատրության հիմքում ևս սա էր. ծխախոտը թանկացել է, որովհետև հարկային դրույթաչափերն են ավելացել:
Այն, որ հարկային փոփոխությունները ծխախոտի թանկացման գլխավոր պատճառներն են փաստում է նաև այն, որ շուկայում գերիշխող «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը ներառված է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, ինչը նշանակում է, որ հարկային բեռի ավելացումը ազդում է մեծ ծավալի արտադրանք ունեցող ընկերության վրա: Վերջին 4 տարում այն խոշոր հարկատուների ցանկում 9-16-րդ տեղերում է եղել: 2014-ի առաջին եռամսյակի տվյալներով այս ընկերությունը 15-րդն է, վճարել է 1 մլրդ 287 մլն 551 հազ. դրամ:
Ստացվում է, որ այդ օրենսդրական փոփոխության հետևանքով ծխախոտը Հայաստանում շարունակել է թանկանալ: Սակայն, պետք է արձանագրել նաև, որ ամսական կտրվածքով՝ այս տարվա մարտին ծխախոտը հանրապետությունում թանկացել է 1,3 %-ով, ապրիլին՝ 0,3, մայիսին՝ մնացել է նույնը: Այսինքն՝ կոնկրետ մայիսին թանկացում չի արձանագրվել: Կշարունակվի արդյոք մայիսին արձանագրված զրոյական տեմպը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: