Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է տնտեսավարողների համար փաստաղթղաշրջանառության ծավալների կրճատումը: Վարչապետը կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանին հանձնարարեց շարունակել քայլերը փաստաթղթաշրջանառությունը կրճատելու ուղղությամբ:
Գործադիրն ընդունեց որոշման նոր նախագիծ, որով պարզեցվում է ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացը եւ սահմանվում է սերտիֆիկատի ստացման մեկօրյա ժամկետ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքների արտադրման գործընթացում փոփոխություններ չեն իրականացվել:
«Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացի պարզեցմամբ, ինչպես նաև մշտական անվանացանկի ապրանքների ծագման երկրի փորձաքննության ակտի անժամկետ տրամադրմամբ` այն դեպքում, երբ վերջիններիս արտադրական պրոցեսում փոփոխություններ չեն կատարվել, քանի որ այսօր գործընթացը նույնն է և պարտադիր է անկախ այն հանգամանքից` ապրանքի արտադրման պրոցեսում կատարվե՞լ են փոփոխություններ, թե ոչ: Արտադրողը յուրաքանչյուր ապրանքային խմբի համար ստիպված է դիմել փորձաքննության, ինչը տևում է 2-3 օր, սակայն շատ հաճախ օտարերկրյա գործընկերները կարող են պահանջել ապրանքի մատակարարում մեկօրյա ժամկետում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից: