Բիզնես 

ԿԲ-ը հնարավոր բոլոր գործիքներով փորձում է կայունացնել փոխարժեքի շուկան

 Կենտրոնական բանկը գործի է դրել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները` կայունացնելու համար դրամի փոխարժեքի տատանումները և պահպանելու ֆինանսական շուկայի կայունությունը: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` Երիցյանը ներկայացրեց փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակը: «Ցավոք սրտի, ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից և որոշակի մտավախությունների տեղիք են տվել: Սակայն Կենտրոնական բանկը հաստատում է, որ պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին` շուկան կայունացնելու համար:  Մենք  գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները, այդ թվում` ռեպո շուկայում իրացվելիության, լոմբարդային, արժութային սվոպների և այլ միջամտություններ, որպեսզի  կարողնանք հաղթահարել փոխարժեքի տատանողականությունը: Սակայն այն, ինչ պայմանավորված է դրսի շոկով, այդ ճշգրտումները պետք է իրենց տեղը գտնեն»,-  ասաց Երիցյանը:



ԿԲ փոխնախագահը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունն ուղղված էր սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներց մարդկանց զերծ պահելուն: «Այդ սպեկուլյացիաներն իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ, ակնկալվող արդյունքի փոխարեն, կարող են վնասներ լինել»,- ասաց նա: Երիցյանը վստահեցրեց, որ ԿԲ պահուստները լիովին բավարար են` կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները: «Համեմատության համար ասեմ,  որ մեր պահուստները հավասար են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի ծավալին: Այդ մասով խնդիր չենք տեսնում: Ուզում եմ հավաստիացնել նաև, որ բանկային համակարգի կայունությունը ևս երաշխավորված է կապիտալի համարժեքության բարձր մակարդակով»,- ասաց ԿԲ փոխնախագահը:



Վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում  տեղի ունեցած զարգացումները, այդ թվում` փոխարժեքի մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և հանգեցրել  փոխարժեքի  տատանողականության աճին: 

Նույն շարքից