Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ում և Լոնդոնում հանդիպել ներդրողների հետ՝ թողարկելու դոլարային պարտատոմսերի երկրորդ խմբաքանակը։
Deutsche Bank-ը, HSBC-ը և JP Morgan-ն այն բանկերն են, որոնց վարձել են մարտի 16-ին մեկնարկելիք հանդիպումներն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հայաստանը վերջին անգամ դոլարային պարտատոմսեր է թողարկել 2013 թվականի սեպտեմբերին՝ 7 տարով և 6.25 տոկոս եկամտաբերությամբ՝ փոխառնելով 700 մլն դոլար։
Նախկին խորհրդային պետության պետպարտքի սպասարկումը լրջորեն տուժել է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից։
«Եթե համեմատենք, թե ինչպես են Հայաստանի պետպարտատոմսերը վաճառվում՝ համեմատած Վրաստանի ու Ադրբեջանի հետ, Հայաստանը մեկն է, որ առավել տուժել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից»,- ասել է Aberdeen Asset Management-ի ֆիքսված եկամուտների մակրոհետազոտությունների վերլուծաբան Էնթոնի Սայմոնդը։
Նոր պարտատոմսերի թողարկումից Հայաստանը 7-10 տարում 500 մլն դոլար կստանա։ Դրանք կարող են թողարկվել հաջորդ հինգշաբթիից ոչ ուշ։
Moody’s գործակալության վարկանիշում Հայաստանը Ba3 մակարդակի վրա է՝ ներդրումային մակարդակից 3 աստիճանով ցածր։