Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի ընդունումն այդ համայնքներում կրկնակի կմեծացնի տնտեսական ակտիվությունը: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ տնտեսականհարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Կառավարությունն այդ օրենքով նախատեսում է սահմանամերձ համայքներում գործունեության ծավալումը ազատել բոլոր տեսակի հարկերից, իսկ դա նշանակում է, որ այդ համայնքներում տնտեսական ակտիվությունը կրկնակի ավելանալու է: Եվ սա ընդամենը իրականացվող քայլերից մեկն է: Կառավարությունն արդեն իսկ որոշակի արտոնություններ տվել է ադրբեջանական կրակոցների տակ գտնվող սահմանամերձ համայնքներին՝ փոխհատուցելով ջրի և հողի հարկերը: Այդ համայնքներին տրվող արտոնությունները շարունակական են լինելու»,- նշեց Այվազյանը:
Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ սահմանամերձ համայքնենրին տրվող հարկային արտոնություններից օգտվելու են բոլորը` թե՛ տնտեսավարողները, թե՛ հասարակ քաղաքացիները: Պատգամավորի խոսքով՝ օգտվելով հարկային արտոնություններից՝ շատերն իրենց բիզնեսը կտեղափոխեն սահմանամերձ համայնքներ, իսկ այդ համայնքների բնակիչների համար, ովքեր անհրաժեշտ գումարներ չեն ունենա բիզնես սկսելու համար, անպայման նոր աշխատատեղեր կբացվեն: «Իրականում կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին մեր քաղաքացու բարեկեցությանը, և սա էլ քաղաքացու, հատկապես սահմանամերձ համայնքներում բնակվող մեր հայրենակիցների բարեկեցությանն ուղղված հերթական քայլն է: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ համայնքների բնակիչները մոռանան իրենց գյուղը լքելու ցանկության մասին, ապրեն և աշխատեն իրենց ծննդավայրերում, դրա համար էլ դիմում ենք այս քայլին: Եվ, կրկնում եմ, նման քայլերը շարունակական են լինելու»,- նկատեց Այվազյանը:
Պատգամավորը չհամաձայնեց որոշ ընդդիմադիր գործիչների այն մտավախության հետ, որ սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին օրենքը կարող է արժանանալ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ճակատագրին, որի դեմ բողոքի դուրս եկան բազմաթիվ առևտրականներ: Նա տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ինքը Տավուշի մարզում խորհրդակցության է մասնակցել, որի ժամանակ Տավուշի մարզպետը տեղեկացրել է, որ արդեն բազմաթիվ տնտեսավարողներ պատրաստակամություն են հայտնել հարկային արտոնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մարզի սահմանամերձ համայնքներում գործունեություն սկսել:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող արտադրական գործունեությունից եկամուտները և արտադրական գործունեությամբ արտադրված արդյունքի իրացումը կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական գործունեություն, և եթե արտադրական գործունեության կազմակերպիչը իրավաբանական անձ է,ապա ստացված արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, և տվյալ կազմակերպությունն ազատվում է տվյալ գործունեության արդյունքում ստացված եկամուտներից վճարվելիք շահութահարկից: Եթե արտադրության կազմակերպիչը հանդիսանում է ոչ թե իրավաբանական անձ, այլ անհատ ձեռնարկատեր, ապա արտադրված ապրանքի իրացման արդյունքում ստացվող եկամուտները կազատվեն եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը կազատվի ավելացված արժեքի հարկից, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե սահմանամերձ համայնքում արտադրված ապրանքը հանրապետության որ տարածաշրջանում է իրացվում: