Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ իրենք ամեն ինչ անելու են ստվերի դեմ պայքարելու և բոլորին հարկային դաշտ բերելու համար, այսօր որքանո՞վ է հաջողվել ստվերի դեմ պայքարել և ինչ արդյունքներ կան:
«Դուք աշխարհում մի պետություն գիտե՞ք, որտեղ մեկ տարում, երկու տարում նման հնարավորություն են ստեղծել: Ամենակարևորը մենք պետք է ընկալենք, որ կառավարությունը խնդիր է ձևակերպում»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ ունեն 350 միլիարդի հարկային վնասներ ներկայացրած ընկերություններ, որն իջացրել են 150 միլիարդով:
«Հիմա դա լավ է, թե վատ է: Հիմա, որ դուք գաք, ուսումնասիրեք, կհասկանաք, որ մի օրում, մի տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ և ստուգումներ անել»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե Սամվել Ալեքսանյանին և Ալեքսանդր Սարգսյանին որքանո՞վ է հնարավոր եղել հարկային դաշտ բերել, Գ.Խաչատրյանն ասաց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել և նրանցից գանձվել է 250 միլիոն դրամ:
«Հարկային վարչարարությունն անընդհատ ամենօրյա պրոցես է, ոչ թե պետք է սպասես, որ մարդը խախտում անի, հետո գնաս քսան միլիարդի ակտ գրես, ինքն էլ չկարողանա վճարի»,- նշեց ֆինանսների նախարարը:
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանին, Գ.Խաչատրյանն ասաց. «Որ ասեք ինչ բիզնես ունի, ես կասեմ…չունի բիզնես»: