ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի մուտքի մասին, ասացին, թե այն որոշակիորեն կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:
«Կարծում եմ, որ «Քարֆուրի» մուտքը պետք է դրական գնահատել, այն մրցակցություն կառաջացնի: Պարզապես պետք է կարողանան գնային քաղաքականությունն այնպես անել, որ տարբերությունը մեծ չլինի»,-ասաց Վազգեն Սաֆարյանը, նշելով, որ արդեն նկատվել է, որ Samsung ֆիրմայի 81 սմ անկյունագծով հեռուստացույցը մոտ 100 հազար դրամով ավելի էժան է վաճառվում «Քարֆուրում», քան մնացած մյուս խանութներում:
Վազգեն Սաֆարյանն ասաց, թե «Քարֆուրն» իր մուտքով կարող է և մեղմել Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, թե Ֆրանսիան բարեկամական երկիր է, և եթե այդ ընկերությունը գերադասել է Հայաստանում մասնաճյուղ ունենալ, ուրեմն դա արդեն լավ է:
«Գյուղմթերքի ասպարեզում դրական ազդակի եմ սպասում մեր տնտեսության համար: Տեղական
ապրանքն ավելի շատ է, քան ներմուծվածը: Գնային առումով նույնպես նպաստավոր կլինի, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները նվազեն»,-ասաց Արմեն Պողոսյանը: