Դրամի կտրուկ արժեզրկումը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայունացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ընդգծելով, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել այն ոլորտներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները:
«Դա վերաբերվում է շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքին, ձվի արտադրությանը, բենզինին և ևս մի քանի ոլորտների: Գնագոյացման հաշվարկներ կատարելու նպատակով մեր հանձնաժողովը տնտեսվարողներից մանրամասն տեղեկատվություն է պահանջել և ուսումնասիրությունները այս պահին դեռ ընթացքի մեջ են... Մեր հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկայի մասով՝ լինի ընկույզ, մսամթերք խնձոր, այսինքն՝ որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում ու շուկան մրցակցային է, մեր հանձնաժողովը գների վերահսկման կամ կարգավորման գործառույթ չունի»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաև բենզինի գներին, մասնավորապես այն հարցին, թե ինչու միջազգային շուկայում այն նվազում է, իսկ Հայաստանում՝ ոչ:
«Այս ուղղությամբ ևս մեր հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել ու դրանք մոտենում են ավարտին: Դրանց արդյունքներով, ՀՀ-ի շուկայում բենզինի գները սեպտեմբերից սկսած պարբերաբար նվազել են՝ 470 դրամից նոյեմբերի կեսերին հասնելով 440 դրամի, խոսքը ռեգուլյար տեսակին է վերաբերվում: Նոյեմբերի կեսերին 440-ից բարձրացել է ու դարձել է 470 դրամի, այսինքն 6 տոկոսի չափով բարձրացել է: Եթե փոխարժեքի խնդիրը չլիներ, բենզինի գների նվազումը կլիներ շարունակական»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանն ասաց, թե շատերն ասում են, որ միջազգային շուկաներում նավթամթերքի կտրուկ նվազումը չի ուղեկցվում հայաստանյան շուկայում բենզինի գների կտրուկ նվազմամբ, սակայն նա հիշեցրեց. «Բենզինի գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ նավթի արժեքը փոքր տեսակարար կշիռ է կազմում բենզինի գնի մեջ, նավթի տեսակարար կշիռը կազմում է մինչև 10% : Նավթի վերամշակման վրա բավականին մեծ ծախսեր են կազմում, որը մեծացնում է բենզինի արժեքը: Բացի այդ, մեր երկրում բենզինի գնի վրա մեծ կշիռ են կազմում հարկերը»,- ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նաև նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում հայաստանյան ընկերությունները բենզինի ներկրումն իրականացնում են Ռուսաստանի շուկայից, ՌԴ շուկայում միջազգային շուկայի համեմատ բենզինի գնի նվազումը ավելի դանդաղ է ընթանում: