ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր Կառավարության նիստին հիմնական օրակարգի ավարտից հետո անդրադարձավ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին և Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո առաջացած իրարամերժ կարծիքներին:
Նա ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը ամբողջությամբ գործում է և բոլոր գործատուները պարտավոր են իրականացրել համապատասխան բոլոր վճարումները:
«Սահմանադրական դատարանի որոշումները ընկալելիս, բացատրելիս պետք է առաջնորդվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով: Օրենքի բոլոր դրույթները գործում են մինչև սեպտեմբերի 30-ը: Ինչ վերաբերում է վերահաշվարկին, ապա պահանջը մինչև սեպտեմբերը կատարված ու կատարվելիք վճարներին է վերաբերում, ինչը պետք է իրականացվի սեպտեմբերի 30-ից հետո»,- ասաց նա։
Արմեն Գևորգյանը հանձնարարեց գրավոր ծանուցումներ ուղարկել բոլոր պետական մարմիններին՝ հայտնելու կառավարության միասնական դիրքորոշումը հարցի շուրջ: