Կառավարությունը մինչեւ մայիսի 15-ը կմշակի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: Այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
«Եթե հիշում եք օրենքի վիճարկվող ութ դրույթներից երեքն են ճանաչվել հակասահմանադրական: Մնացած հինգը ճանաչվել են երկրի սահմանադրությանը համապատասխանող: Այժմ մենք պետք է մշակենք օրինագծերի փաթեթ, որով մյուս երեք կետերը եւս կհամապատասխանեցվեն սահմանադրությանը»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի երկուսին Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական էր ճանաչել: