«Ուկրաինայից Ղրիմի անջատման կողմնակիցները չէին ցանկանում ոչինչ թողնել բախտի քմահաճույքին. նրանք լցրել էին եթերը քարոզչական սարսափներով և բռնի կերպով ճնշում էին այլախոհության ցանկացած դրսևորում»,- Foreign Policy ամսագրի The Cable բլոգում պնդում է լրագրող Կոլում Լինչը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի նախնական տարբերակին:
Ապրիլի 15-ին վերջնական տեքստը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իսկ ավելի ուշ՝ կհրապարակվի: Զեկույցի հեղինակն է Իվան Շիմոնովիչը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնականը։
Լրագրողը վերապատմում է զեկույցի՝ Ղրիմին վերաբերող մասը. «Մարտի 16-ից՝ հանրաքվեից 10 օր առաջ, Ղրիմում անջատվել է ուկրաինական հեռուստատեսության հեռարձակումը և փոխարինվել ռուսական հեռուստաալիքներով, որոնք պաշտպանում էին անջատումը»:
«Բլոգերները, ակտիվիստները և անջատման այլ քննադատներ ենթարկվում էին ահաբեկման, նրանց բռնում էին և կտտանքների ենթարկում։ Միևնույն ժամանակ մարդու իրավունքների հարցերով տեսուչների պատվիրակությունը «քվեարկության ընթացքում կեղծումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել»,- գրում է լրագրողը՝ վկայակոչելով զեկույցը։
Լրագրողը մեջբերում է. «Պատվիրակությունը հանդիպել է աղբյուրների հետ, որոնք ասել են, որ հանրաքվեին մասնակցել են անձինք, որոնք չեն ունեցել ուկրաինական քաղաքացիություն, ինչպես նաև առանձին անձինք քվեարկել են մի քանի անգամ՝ տարբեր վայրերում»:
Ինչպես նշվում է զեկույցում, ռազմականացված խմբերի ներկայությունը չի նպաստել մթնոլորտին, որտեղ ընտրողները կարող էին ազատորեն օգտվել իրենց կարծիքի ազատ արտահայտման իրավունքից:
Զեկույցում նշվում է նաև, որ Արևելյան Ուկրաինայում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: