Իրավական 

Կառավարությունը հավանություն տվեց «Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագծին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 

Ոստիկանապետի փոխանցմամբ՝ կառավարությունը համակարծիք է ներկայացված նախագծի հեղինակների հետ՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնականացման և աջակցման հետ կապված հարաբերությունները օրենքով կարգավորելու հարցում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ: 

Վերջինիս՝ 2013 թվականի հունիսի 22-ի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ ոլորտի իրավահարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով: 

Նախագծերի փաթեթն արդեն իսկ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Նույն շարքից