Ռուսաստանում դյուրացված կարգով քաղաքացիություն ստանալու օրենքը կրում է բացառապես սելեկցիոն բնույթ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
«Ռուսաստանի ժողովրդագրական, տնտեսական զարգացումներն այնպիսին են, որ առանց միգրացիոն հոսքերի, երկիրը չի կարող կայուն տնտեսական զարգացում ունենալ: Դրանից էլ ռուսական միգրացիոն քաղաքականությունը շարունակ մի ծայրահեղությունից մի ուրիշ ծայրահեղություն է գնում, և մենք վերջերս ականատես ենք լինում հերթական քայլերին»,-ասաց նա:
Դառնալով օրենքին՝ բանախոսը նկատեց, որ նոր օրենքում կան որոշակի բաներ, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս: Սկզբում օրենքը նախանշվում էր ուկրաինական ճգնաժամի վրա ազդելու համար, բայց ստացվեց այնպես, որ դա անդրադառնա նաև Հայաստանին: Պայմաններից մեկն այն է, որ անձինք քաղաքացիություն են ստանում, եթե մշտական բնակություն են հաստատում այդ երկրում: Եվ ժողովրդագետի համար հասկանալի չէ, թե դա ինչ մոտեցում է:
Ռուբեն Եգանյանը նաև մատնանշեց մեկ այլ պայման, որով պետք է քաղաքացիությունից հրաժարվել, բայց հնարավոր է նաև առանց հրաժարվելու, այսինքն՝ այդ քաղաքականությունը միայն Ռուսաստանին ընտրության լայն հնարավորություն է տալիս միգրանտների հարցում:
«Մենք Ռուսաստանի վրա ենք կենտրոնացել, բայց հնարավոր է նաև, որ վաղն էլ մեկ այլ երկիր նման քաղաքականություն սկսի վարել»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ առանց փոխելու Հայաստանի սոցիալական համակարգը, բարոյական համակարգը, այստեղ իրավիճակի փոփոխություն հնարավոր չէ:
«Արմատական լուծումը դա է»,-հավելեց ժողովրդագիրը: