Իրավական 

Ստորագրահավաք՝ Թուրքիայում սպանված հայ զինծառայողի գործով արդար դատավարության պահանջով

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը Թուրքիայում սպանված զինծառայող, ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի գործով արդար դատավարության պահանջով change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, տեղեկացնում է Hye Tert-ը։

 

Սևակի սպանությանն առնչվող գործն այժմ Գերագույն դատարանում է։ Դատախազը պնդում է, որ Սևակ Բալըքչըին միտումնավոր սպանելու մասին փաստերը բավարար չեն։ Ստորագրահավաքի ավարտից հետո դրա մասնակիցներն այն ուղարկելու են Թուրքիայի արդարադատության նախարարություն։

 

Ակցիային միացողները պահանջում են, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Սևակի մահվան համար։

 

Զինծառայության ընթացքում 2011թ.-ի ապրիլի 24-ին «կասկածելի» հանգամանքներում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի ընտանիքն իրենց որդու սպանությունը համարում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունը։

 

«Բաթմանում զինծառայության ընթացքում՝ Զատկի և Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակոցից սպանվելու գործն անարդարությամբ ավարտվեց։ Ծառայության ավարտից 23 օր առաջ սպանված Բալըքչըի գործով կասկածյալ Աղաօղլուն «անզգուշության հետևանքով անձի մահվան պատճառ դառնալու» մեղադրանքով 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց։ Այժմ, Գերագույն դատարանի վճռին սպասող Սևակի ընտանիքը կարծում է, որ Սևակի՝ Ցեղասպանության հիշատակի օրը սպանվելը պատահականություն չէր»,-ասված է հայտարարության տեքստում։

Նույն շարքից