Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ չեն համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջով Կիպրոսին 90 մլն եվրո վճարելը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
«Մենք նպատակահարմար չենք համարում դատարանի վճռի կատարումը։ Դատարանը գերակատարել է իր լիազորությունները»,-ասել է Դավութօղլուն՝ վճիռն անարդար որակելով։
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր Թուրքիայի իշխանություններին պարտադրել Կիպրոսի հույներին 90 մլն եվրո վճարել՝ 1974-ին կղզու հյուսիսում ռազմական ներխուժման համար։
Վերջերս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի նման որոշումը կխանգարի Կիպրոսի հունական և թուրքական համայնքների երկխոսությանը։