Իրավական 

Ամերիկյան քաղաքում արգելվել է տաբատը վարտիքից ներքև կրել

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Փայքվիլ քաղաքի իշխանությունները որոշել են, որ այսուհետ վարտիքից ներքև տաբատ կրելը համարվում է անօրինական։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նոր օրենքի հեղինակն է քաղաքապետ Ֆիլ Քեգլը, ում խոսքով՝ նրանք, ովքեր հասարակական վայրերում տաբատն այնպես կկրեն, որ տակից վարտիքը կերևա, անպատճառ կտուգանվեն։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին ամիսների ընթացքում ամերիկյան մի շարք այլ քաղաքներում ևս արգելվել է վարտիքն ի ցույց դնող հագուստով փողոց դուրս գալ։

 

«Շատերին կթվա, թե մենք դատարկ բանից աղմուկ ենք սարքում, սակայն ես չեմ ցանկանում, որպեսզի տղամարդիկ այդպես կիսամերկ փողոցներով շրջեն»,-ասել է Քեգլը։ Նշվում է, որ օրենքն առաջին անգամ խախտելու դեպքում տուգանքը կկազմի 25 դոլար, իսկ դրանից հետո՝ 50 դոլար։

 

Տաբատներն այս ձևով կրելու սովորությունը քաղաքացիներին է փոխանցվել ամերիկացի բանտարկյալներից, որոնց չի թույլատրվում գոտի կապել։ Անցած դարի 90-ական թվականներին այս տեսքը սկսել են կրկնօրինակել հիփ-հոփ մշակույթի ներկայացուցիչները։

 

Նշվում է, որ անգամ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մի առիթով անդրադարձել է նորաձևության այս թրենդին ՝ ասելով. «Եղբայրնե՛ր, վե՛ր քաշեք ձեր տաբատները։ Դուք քայլում եք ձեր մայրերի, տատիկների հետ՝ ի ցույց դնելով վարտիքները։ Իսկ որոշ մարդկանց դա դուր չի գալիս։ Ի դեպ, ես նրանցից մեկն եմ»։

Նույն շարքից