Իրավական 

2013-ին ՀՀ քաղաքացիություն են ստացել ռեկորդային թվով հայեր՝ 21 000 հոգի. Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով 2013-ի բյուջեի կատարողականը, նշեց, թե հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիություն են ստացել ռեկորդային թվով հայեր՝ 21 000 հոգի։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք բոլորը երկքաղաքացիություն ունեն, և ճիշտ է, որ նրանց հիմնական մասը սիրիահայեր են։

Վիգեն Սարգսյանը նախ նշեց, որ վիճակագրություն կա և յուրաքանչյուրի անձնական գործը մանրամասն ուսումնասիրվում է։ «Շատ կատարելագործվել է դիմումատուի կողմից դիմումին հետևելու ընթացակարգը։ Մենք կրկնակի կրճատել ենք դիմումների ուսումնասիրության ժամկետը, եթե անցյալ տարի ուսումնասիրության փուլը մեկ տարի էր տևում, այժմ մեկ ամսից ավելի չի տևում»,- նշեց նա։

Իսկ ինչ վերաբերվում է աշխարհագրությանը՝ Վիգեն Սարգսյանը նշեց, թե չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ Սահմանադրության պահանջով երկքաղաքացիության ինստիտուտը դիտարկվում է ոչ թե այլ երկրի, այլ միմիայն ՀՀ քաղաքացի։

«Ես չեմ ուզում շատ ավելին ասել, եղել է ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքերի աճ, որը ակնհայտ է՝ հաշվի առնելով , որ այո՛, ձեր ասած շատ հայեր տեղափոխվել են Հայաստան Սիրիայից»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե միտումը պահպանվում է, նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Այո՛, ամսական կտրվածքով էլ երևում է, որ աճ կա»։

Նույն շարքից