Իրավական 

Իրավապաշտպանները հայցում են օգնություն

Համայն հայությանը և մարդու իրավունքները արժևորող բոլոր մարդկանց


Մենք գրում ենք ձեզ «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի անունից, որը հիմնվել է 07.11.2013 իրենց իրավունքների և քաղաքացիական ազատությունների համար պայքարող և բռնության, խոշտանգումների, հալածանքների ու հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և նրանց ընտանիքներին  աջակցելու նպատակով:

 

Մենք երախտապարտ ենք սփյուռքի մեր հայրենակիցներին և Հայաստանի քաղաքացիներին, որոնք աջակցել են Հիմնադրամի  աշխատանքներին և փոխանցումներ են կատարել Հիմնադրամի հաշվեհամարին: Ի շնորհիվ այդ աջակցության Հիմնադրամը կարողացել է օգնություն տրամադրել իրենց իրավունքների համար պայքարող, հետապնդվող և հալածանքի ենթարկվող քաղաքացիներին և քաղբանտարկյալներին  ու նրանց ընտանիքներին:

 

Այսպիսով, հիմնադրամը աջակցել է քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին, ով ապօրինաբար ձերբակալվել  է 20.09.2013 թ. , քաղաքացիական ակտիվություն,  պատերազմի վետերանների ստորացուցիչ սոցիալական կարգավիճակի դեմ բողոքի, ինչպես նաև կառավարությանը ուղղված վետերանների վերաբերյալ օրենք ընդունելու մասին իր պահանջի համար:  Այս գործը մեծ հնչեղություն է ստացել Հայաստանում և աշխարհում:

 

Հիմնադրամը օգնություն է ցուցաբերել  նաև 05.10.2013 թ. Շանթ Հարությունյանի հետ միասին Ազատության հրապարակ դուրս եկած, ձերբակալված և այժմ քաղբանտարկյալ համարվող  քաղաքացիների ընտանիքներին: Այդ անձիք են Ալեք Պողոսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Միսակ Առաքելյանը , Վահե Մկրտչյանը , Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը և  Տիգրան Պետրոսյանը:


Հիմնադրամը որակյալ իրավաբանական օգնություն է տրամադրում բողոքի տարբեր քաղաքացիական  ակցիաների մասնակից քաղաքացիներին, որոնք ձերբակալվում են, և մասնավորապես աջակցություն է ցուցաբերել 05.11.2013թ. Ազատության հրապարակ դուրս եկած քաղաքացիներին փաստաբանական  ծառայություններ տրամադրելով նրանց:

 

Հիմնադրամի կողմից իրավական օգնություն և աջակցություն է տրամադրվել Ապարանի շրջանում ՀԷԿ - երի կառուցման դեմ բողոքի դուրս եկած երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են այս տարվա մարտին:

 

Հարգելի քաղաքացիներ Հայաստանի և Սփյուռքի հայեր, մենք կոչ ենք անում ձեզ շարունակել փոխանցումները  «Իրավունք և աջակցություն» հիմնադրամին, որոնք կօգնեն բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող քաղաքացիներին, ովքեր հալածվում են, ձերբակալվում և բռնությունների են ենթարկվում, քանի որ Հայաստանի իշխանությունները այդ քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին զրկում են ապրուստի միջոցից նրանց ծանր սոցիալական վիճակի մեջ գցելով , ինչպես նաեւ ստիպելով նրանց այդպիսով հրաժարվել իրենց իրավունքների համար պայքարից: Այդ պայքարը մղվում է մեր և ձեր իրավունքների համար, և այն մեր ընդհանուր Հայրենիքի և մեր ազատության, պատվի, արժանապատվության եւ անկախության համար տարվող պայքարն է:



«Իրավունք և Աջակցություն» Հիմնադրամ


Նույն շարքից