Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Սարյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցածի վերաբերյալ հապճեպ գնահատակներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իրավաչափ է գնահատել Սարյան փողոցում ոստիկանների գործողությունները՝ Անդրեասյանը նշեց. «Եթե նա իսկապես գնահատական է տվել, ապա այն հապճեպ է: Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի հապճեպ գնահատականներից: Բայց որքան ինձ է հայտնի, դա եղել է ոչ թե գնահատական, այլ ընդհանուր կարծիք, տեսական դատողություններ, որ պետք է լինի համաչափ ուժի կիրառում և այլն: Այդպիսի ընհանուր դիտարկումների հետ ես էլ եմ համաձայն»,- ասաց ՄԻ պաշտպանը:
Միաժամանակ, Անդրեասյանն ընդգծեց, որ կոնկրետ իր իսկ գործողություններին գնահատական նախևառաջ պետք է տա ոստիկանությունը, հետո բոլորս: