Իրավական 

Վարդան Պետրոսյանը հրաժարվում է տուժողի փաստաբանի հարցերին պատասխանելուց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդում տեղի ունեցած ավտովթարի գործով դատավարությունը:

 

Դատարան չեն ներկայացել տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները:


Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե վերջին դատական նիստից հետո տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն անպատվել է իր պաշտպանին, ստեղծել փողոցային վիճակ, կոնֆլիկտի մեջ քաշել Հակոբյան ընտանիքներին, ովքեր ակամա դարձել են կոնֆլիկտի մասնակից:

 

«Դա ի պատասխան այն մարդկային քայլի, որ իմ պաշտպանն անցյալ դատական նիստի ընթացքում անսալով իմ խնդրանքին՝ հետ վերցրեց իր միջնորդությունը` Հակոբյան ընտանիքի դեմ, որը ես դիտարկում եմ որպես մարդասիրական քայլ և հաշտության եզրեր գտնելու փորձ»,– ասաց դերասանը:


«Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրիչ գործողություն, որն իր առջև դրած ունի մի նպատակ՝ ամեն ինչ անել՝ խափանելու համար այն քայլերը, որոնք ուղղված են հաշտության եզրեր գտնելու համար՝ անպատվելով և իրավական փոխհարաբերությունները իջեցնելով փողոցային փոխհարաբերությունների, ստեղծելով կոնֆլիկտային վիճակ: Ես հրաժարվում եմ դատարանում իրավական հարաբերությունները փողոցային հարաբերությունների իջեցնող մասնագետին, նրան չեմ ճանաչում որպես իրավաբան-փաստաբան և այսուհետ հրաժարվում եմ դեպի ինձ հասցեագրված նրա հարցերին պատասխանելուց»,– ավելացրեց նա:

 

Նշենք նաև, որ դատարանում Վարդան Պետրոսյանին սատարելու են եկել «Նախախորհրդարանի» ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը։ Ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Գարեգին Չուգասզյանը Թերթ.ամ-ին ասաց, թե իրենք քաղաքական նպատակներին չեն դատարանում, ուղղակի եկել են նրան սատար լինելու:

Նույն շարքից