Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:
Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:
Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Շուշանը մարզի բնակչուհի է, Երևանում ապրել է վարձով:
Մեկ այլ մարզի բնակիչ է նաև տուժողը: Շուշանն ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:
Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն որպես պարուհի աշխատել են «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:
Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում:
Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:
Սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացումից հետո Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Շուշանը փոքրամարմին, նիհարակազմ, դպրոցականի հիշեցնող կին է:
Տուժող Աննան դատարանում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է. «Դա ասում եմ՝ Շուշանին շատ լավ ճանաչելով»:
Ըստ տուժողի՝ Շուշանն ընկեր է ունեցել, սիրահարված է եղել Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ին:
Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել: Շուշանը սիրել է նրան, չնայած Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:
Դեպքի ժամանակահատվածում Շուշանն ապրել է տուժողի հետ, նույն վարձով տանը:
Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ իբր հոր ծնունդը նշելու:
Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:
Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ…
Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:
Հիվանդանոց են գնացել Ն.-ն ու նրա մայրը, ովքեր պատրաստակամություն են հայտնել հատուցելու տուժողի հիվանդանոցային ծախսերը:
«Եթե Ն.-ն մեղավոր չէր, նա մոր ու հորաքրոջ հետ ինչո՞ւ էր հիվանդանոց եկել, ինչո՞ւ էր ասում, թե հիվանդանոցի ծախսերը կփակեն, եթե չբողոքեմ»,- դատարանում ասել է տուժող Աննան:
Դեպքի վայրից Ն.-ն, նրա ընկերը և տաքսու վարորդը հեռացել էին՝ գիշերով Շուշանին մենակ թողնելով գիտակցությունը կորցրած Աննայի հետ:
Շուշանն է դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի հետ Աննային տեղափոխել հիվանդանոց…
Տուժողն ասել է, թե նախաքննության ժամանակ ինքը գրել է, որ Շուշանից բողոք չունի: Կարծել է, թե այդքանը բավական է, որ Շուշանին չդատեն: Բայց քանի որ հիմա Շուշանը դատվում է, դրա համար էլ ինքը պնդում է, որ Շուշանին ճանաչում է, նա իրեն այդպիսի վնասվածքներ չէր պատճառի:
Քիչ թե շատ՝ իմանալով, որ Ն.-ն ագրեսիվ է եղել, նա ձեռք է բարձրացրել Շուշանի վրա, սպառնալիքներ է տվել նախկինում, տուժողը ենթադրել է, որ իրեն հարվածողը կարող էր իրենց հետ նույն մեքենայում գտնվող Ն.-ն լինել:
Դատարանի հարցմանը պատասխան էր ստացվել, որ գործով կարևոր վկա Ն.-ն հատել է Հայաստանի պետական սահմանը, մեկնել է Հայաստանից, վերադարձի մասին տվյալներ չկան:
Դատարանը, այնուամենայնիվ, Ն.-ի ներկայությունը դատարանում ապահովելու համար քայլեր ձեռնարկեց, նիստեր հետաձգեց, բայց Ն.-ն այդպես էլ ի հայտ չեկավ:
Դատարանը հարցաքննեց վերջին վկային՝ Գոռին, ով պատահաբար անցել էր դեպքի վայրով, լսել էր Շուշանի օգնության կանչերը, մոտեցել էր ու իր հեռախոսից շտապօգնություն էր զանգել:
Վկան ասաց, թե ամբաստանյալին չի ճանաչում, տեսել է միայն դեպքի օրը:
Դեպքի վայրում վկան տեսել է ամբաստանյալի տեղում նստած աղջկան: Նա «աղիողորմ լաց էր լինում», օգնություն էր կանչում, ջանքեր էր թափում, որ գետնին անգիտակից վիճակում ընկած աղջկան ուշքի բերի՝ հարվածում էր նրա դեմքին, ջուր էր շփում երեսին:
Վկան էլ է ջուր բերել, օգնել է ինչով կարողացել է, ապա շտապօգնություն է զանգել, սպասել է մինչև շտապօգնության գալը ու, քանի որ շտապում էր, հեռացել է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: