Իրավական 

Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը ողբերգական է

Ադրբեջանում շարունակում են հետապնդել իրավապաշտպաններին, չնայած երկրի պարտավորություններին՝ որպես Եվրախորհրդի անդամ եւ ներկայում այդ կառույցի Նախարարների կոմիտեի նախագահ: Նման հայտարարություն է տարածել «Amnesty International» միջազգային կազմակերպությունը:


Ադրբեջանի իշխանությունների թիրախում հայտնված վերջին իրավապաշտպանը Լեյլա Յունուսովան է, ով հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի գնալու ճանապարհին Բաքվում ձերբակալվել է:


«Լեյլա Յունուսովան Ադրբեջանի եւս մեկ անկախ ձայներից է, ում երկրի կառավարությունը երկար ժամանակ սպառնալիքների միջոցով փորձում է ստիպել լռել: Չկարողանալով հասնել դրան՝ հիմա էլ նրանք դիմել են շինծու մեղադրանքների եւ ձերբակալության, որպեսզի նրան պատժեն քննադատության համար»,- հայտարարել է Ադրբեջանի գծով «Amnesty International»-ի հետազոտող Նատալյա Նոզաձեն:


«Amnesty International»-ը կարծում է, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսովներին առաջադրված դավաճանության մեղադրանքը շինծու է եւ նրանց ակտիվ գործունեության համար հետապնդումների գործընթացի մաս է կազմում: Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար իրականացվող մարդու իրավունքների խախտումների շարքը երկար է եւ ներառում է հավաքների, միավորումների եւ տեսակետների արտահայտման ազատության իրավունքի ճնշում, այդ թվում՝ ակտիվիստների հետապնդում, շինծու մեղադրանքներով նրանց ձերբակալություն եւ արդար դատաքննության իրավունքի խախտում:


տեղեկացնենք, որ ավելի վաղ  ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսովներին մեղադրանք էր առաջադրվել: Լեյլա Յունուսովան մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն), 178 (խարդախություն), 213 (հարկերից խուսափում) եւ 192 (ապօրինի ձեռնարկատիրություն) հոդվածներով, իսկ Արիֆ Յունուսովը՝ 274 եւ 178 հոդվածներով:

Նույն շարքից