«Համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` այսօր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարի խոսքով` առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. վերոնշյալ տեղերն ավելացել են 50 տոկոսով:
Արմեն Աշոտյանը նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14000-ից հասնելով 21000-ի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Նախարարի խոսքով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտության համաձայն` նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն աշխատում է` չնայած վերջիններիս միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության:
«Գլոբալ առումով մենք խնդիրը լուծել ենք. երիտասարդներին որակյալ կրթություն տալով` նրանց օգնել աշխատանք գտնել: Այս համատեքստում պետք է նշել, որ պարտադիր 12-ամյա կրթությանն անցման որոշման վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 9-ամյա կրթությունից հետո ավագ դպրոցում կսովորեն այն աշակերտները, ովքեր կունենան համապատասխան առաջադիմություն և այն համայնքների աշակերտները, որոնց համար տեղում չենք կարող ապահովել մասնագիտական կրթություն: Մնացած երիտասարդներին պետք է ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ: Մեր հաշվարկով` 9-րդ դասարանն ավարտած 3500-4000 երիտասարդների առնվազն 2/3-ը կգնա սովորելու միջին մասնագիտական կրթօջախներ»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ոլորտում այս տարվա կարևոր նախաձեռնություն էր նաև տնօրենների հավաստագրման գործընթացը:
Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի մեկ այլ նորամուծության` քոլեջի գերազանցիկ շրջանավարտները 2014-15 ուստարվանից սկսած կարող են տեղափոխվել բուհերի 2-րդ կուրս` բացառապես հեռակա համակարգ:
Նախարարը հատուկ ընդգծել է, որ այս փոփոխությունը չի տարածվում մինչև 2014 թվականն ընդունված ուսանողների վրա: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ուսումնարաններն ու քոլեջները առաջիկա երկու տարիներին կունենան դիմորդի խնդիր: Այդ կապակցությամբ նախարարը տնօրեններին առաջարկել է իրականացնել այլընտրանքային ֆինանսական ծրագրեր` վճարովի հիմունքներով կարճաժամկետ վերապատրաստումներ` ուսհաստատության ֆինանսական կայունությունը պահպանելու համար:
Արմեն Աշոտյանը քոլեջների տնօրեններին զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից:
Արմեն Աշոտյանի խոսքով` մի շարք քոլեջներում իրականացված աուդիտի հետևանքով բացահատվել են խախտումներ, որի արդյունքում քոլեջներից մեկի տնօրենին տրվել է խիստ նկատողություն, մյուսներին` նկատողություն: Նրա խոսքով` բացահայտված խախտումների ճնշող մեծամասնությունը ընթացիկ, հիմնականում իրավական խախտումներ են և ոչ ֆինանսական չարաշահումներ:
«Աուդիտը գործիք է ախտորոշման, ոչ պատժի: Մեր նպատակն է օգնել տնօրեններին` բարձրացնել օրինականության մակարդակը համակարգում»,-նշել է նախարարը: