Իրավական 

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցման մասին

analitik.am
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը շահագրգռված է Հայաստանի Հանրապետությունում կայացած դատական համակարգ ունենալու հարցում, սույնով մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոնների զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ, մասնավորապես այն մասերով, որոնք նախատեսում են նվազեցնել ոչ միայն դատավորներին վճարվելիք հավելավճարների ընդհանուր, այլ նաև՝ դրանց պարբերաբար աճի չափերը, ըստ այդմ՝ հանգեցնելով 
 
դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցմանը:
 
Նախ, նշված փոփոխություններն ինքնին հակասում են ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությանը, այն առումով, որ նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, որպես նախագծերի փաթեթի կարգավորման նպատակ, նախատեսված է. «նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը», ինչը ՀՀ կառավարությունը համարում է որպես կարևորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով: Հետևաբար, նշված կանոնից ցանկացած շեղում կհանգեցնի ՀՀ կառավարության տարվող քաղաքականության խաթարման:
 
Մինչդեռ, նախագծերի փաթեթով ՀՀ դատավորների ընդհանուր աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ավելի դանդաղ է նախատեսվում (տարեկան 2 տոկոս), քան գործող ընթացակարգերով: Ընդ որում, նախագծով նախատեսված է նաև հավելավճարի առավելագույն շեմ (հիմնական աշխատավարձի 30% չգերազանցող գումար), ինչը բացակայում է գործող իրավակարգավորումներով: Այսինքն՝ նախագծով դատավորների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ի համեմատ գործող օրենսդրությամբ նախատեսված դատավորների աշխատավարձերի աստիճանական բարձրացման, վատթարանում է՝ ըստ այդմ բերելով ՀՀ կառավարության վերը նշված քաղաքականության խաթարման:
 
Միևնույն ժամանակ, ըստ նախագծերի փաթեթի հիմնավորման նախատեսվում է պետական պաշտոնյաների և ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միևնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Ընդհանուր գաղափարին կողմ լինելով հանդերձ՝ չենք կարող համաձայնվել այն հանգամանքին, որ գործադիրի պետական պաշտոնյաների աշխատավարձերի միջև տարբերությունները որոշ չափով փորձ է արվում համաձայնեցնել դատական իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի անկման հաշվին:
 
Եվ ընդհանրապես, դատավորների աշխատավարձերի նվազեցման ցանկացած նախաձեռնությամբ խախտվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը: Թերևս սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որով ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է դրույթ, որով արգելվել է դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների պակասեցումը նրա պաշտոնավարման ընթացքում: Իր հերթին դատավորների անկախության ապահովման առաջնային նախապայմանը նրանց համար սահմանված սոցիալական երաշխիքներն են, որոնց արդեն իսկ անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանը իր 20.09.2006թ. ՍԴՕ-647 որոշմամբ:
 
ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է նաև խնդրի հետ կապված ՀՀ դատավորների միության դիրքորոշմանը, այն առումով, որ վերը նշված օրենսդրական նախաձեռնությամբ ոչ միայն կխախտեն ոլորտին վերաբերվող մի շարք միջազգային փաստաթղթեր, այլև կվտանգվի դատական իշխանության անկախությունը:
 
Պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Նույն շարքից