Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին եւ նրան դատապարտել է 6 տարի 9 ամսվա բանտարկության:
Դատավճռում ասվում է, որ ամբողջովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցի շահագործման խախտման մեջ:
Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Հարությունյանին նաեւ դատապարտել են 1 տարվա փորձաշրջանի, արգելել պատիժը կրելուց հետո 3 տարի մեքենա վարել:
Իր վերջին խոսքում Հրաչյա Հարությունյանը ընդգծել էր, որ խորապես զղջում է պատահածի համար եւ ցավակցում այս ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց:
Բացի այդ, վթարից զոհվածների հարազատները Հարությունյանից 16 մլն ռուբլի էին պահանջում: Բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց էին ներկայացրել 6 տուժողներ, սակայն դատավորը նրանց հայցը քննության չի առել՝ նշելով, որ դա պետք է քննվի քաղաքացիական դատավարության ընթացակարգով:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: