Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննելու է օգոստոսի 13-ին:
Այս մասին NEWS.am-ին է հաղորդել բարերարի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը:
«Լեւոն Հայրաետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծանր է, այդ պատճառով մենք ուզում ենք, որ նրան կամ հիվանդանոց տեղափոխեն, կամ տնային կալանք սահմանեն: Հիմա օգոստոսի 13-ին կորոշվի ամեն ինչ, իսկ սեպտեմբերի 15-ից էլ արդեն դատերն են սկսվում»,- ասաց նա:
Ձերբակալությունից օրեր անց Գուրգեն Հայրապետյանն ու հայրը մեկնել էին Մոսվկա, իսկ վերջինիս արդեն հաջողվել էր կալանավայրում տեսակցել հայ բարերարին. «Լեւոն Հայրապետյանի եղբայրն ու դուստրը պատմում են, որ նա զարմացել է, որ նման բան է տեղի ունեցել, ինքը մենակ ֆիզիկապես է վատ, իսկ հոգեպես գիտեք՝ ղարաբաղցիները ոնց են լինում. կոտրված չի, ընկճված չի, ուժեղ է»:
Չնայած Լեւոն Հայրապետյանը ձերբակալված է, այնուամենայնիվ, նրա բարեգործական ծրագրերը շարունակվում են իրագործվել: Գուրգեն Հայրապետյանի խոսքով՝ գործարարի բանկային հաշիվները սառեցված չեն, Մոսկվայում գործող հյուրանոցներն ու ռեստորանները աշխատում են սովորական հունով: