«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամները Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից պահանջում են հանդես գալ հայտարարությամբ, քանի որ Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի իրավունքները խախտված են:
«Պահանջում ենք մարդու իրավունքների պաշտպանին ուշադրություն դարձնել այս հանգամանքին, քանի որ խախտվել է մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիայի երկրորդը հոդվածը՝ մարդու կյանքի իրավունքի մասին: Լեւոն Հայրապետյանը ծանր հիվանդություններով է տառապում, բայց գտնվում է նախնական կալանքի տակ: Կա համապատասխան օրենք, ըստ որի՝ ծանր հիվանդություններ ունենալու դեպքում մարդուն չի կարելի կալանավորել: Կարեն Անդրեասյանը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Լեւոն հայրապետյանի, քանի որ նրա կյանքը վտանգված է, պետք չէ լռել: Նրա խցում շոգ է, եւ նույնիսկ ուշաթափություն է ունեցել»,- ՄԻՊ գրասենյակի մոտ մարդու իրավունքների պաշտպանին ուղված նամակն ընթերցեց «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Արմինե Սիմոնյանը:
«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակը հանձնեցին ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանին: Արմեն Գրիգորյանը երթի մասնակիցներին վստահեցրեց, որ Լեւոն Հայրապետյանի խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:
«ՄԻՊ-ը կիսում է մտահոգությունները՝ կապված Լեւոն Հայրապետյանի հետ: Խնդիրը գտնվում է ուշադրության կենտրոնում, մենք համապատասխան ընթացք կտանք: Հույս ունենք, որ առաջիկա դատական նիստին դրական առաջընթաց կլինի»,-ասաց նա:
Երթի մասնակիցները ՄԻՊ գրասենյակի մոտից շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: