Իրավական 

ՌԴ քաղաքացին դատի է տվել ՀՀ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ֆինանսների նախարարությանը

analitik.am

ՌԴ քաղաքացի Մաքսիմ Գենադիի Պոպովը  Զվարթնոց օդանավակայանից պատրաստվում էր մեկնել Միներալնիյե Վոդի, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել՝  պատճառաբանելով, որ նրա անձնական տվյալները համընկնում են միջազգային մակարդակով հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ:   Հետագայում պարզվել է, որ տեղի է ունեցել շփոթմունք և հետախուզվողի հայրանունը Անատոլի  է, հետախուզվողը ծնվել է Մոլդովայի հանրապետությունում և հանդիսանում է այդ երկրի քաղաքացի, ավելին՝ հետախուզվող Մ.Ա.Պոպովի լուսանկարի հետ համեմատության արդյունքում հիմնավորվել է, որ վերջինս և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված Մ. Գ. Պոպովը տարբեր անձինք են:   Դրանից հետո ՌԴ քաղաքացուն փոխհատուցվել է տոմսի արժեքի մի մասը՝ 95 014 ՀՀ դրամը, իսկ մյուս մասը` 35 000 ՀՀ դրամի չափով ուղևորը վնաս է կրել:   Արդյունքում՝ ռուսաստանցի ուղևորը դիմել է դատարան՝ իրեն պատճառված նյութական և բարոյական վնասի դիմաց ՀՀ Ոստիկանությունից, ԱԱԾ-ից և Ֆինանսների նախարարությունից պահանջելով 2 մլն դրամի փոխհատուցում:   ՀՀ Քաղաքացիական դատարանը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ ՌԴ քաղաքացու բռնագանձել 25 292 ՀՀ դրամ՝ որպես տոմսի արժեքի և վճարված փոխհատուցման տարբերություն: Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա այս մասով հայցը դատարանը որոշել է մերժել, քանի որ, ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության»:   Ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ևս ուժի մեջ է թողել առաջին ատյանի այս որոշումը: 


Սկզբնաղբյուրը՝ pastinfo.am

Նույն շարքից