Մոսկվայի քաղաքային դատարանում այս պահին ընթանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությունը, որի ժամանակ հայ բարերարի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Ինչպես տեղեկանում ենք Լեւոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից, հայ գործարարը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով:
«Լեւոն Հայրապետյանը վատացավ ու արդեն 40 րոպե է՝ բժիշկները չեն մոտենում գոնե ներարկում կատարելու համար»,- գրված է ֆեսյբուքյան էջում:
«ՌԻԱ Նովոստին» էլ հայտնում է, թե իր խոսքում Հայրապետյանը խոսել է ապօրինությունների մասին, հետո բռնել սիրտը եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, իսկ իրենք պատրաստ էին շարունակել դատը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում վերցնել մինչեւ օգոստոսի 15-ը:
Ըստ պաշտպանության տվյալների՝ Հայրապետյանի մոտ սրտի անկանոն աշխատանքի եւ անոթների հետ կապված խնդիրներ կան:
Լեւոն Հայրապետյանի ֆեսյբուքյան էջը համակարգում է նրա վստահված անձ Արթուր Սաֆարյանը, որը գործարարի եղբոր հետ այս պահին գտնվում է Մոսկվայում: