Իրավական 

Ի՞նչ է ենթադրում արդարադատության մատչելիությունը

analitik.am

ՀՀ օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 17): «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր՝ գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: «Էյրին ընդդեմ Իռլանդիայի» գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ: Մասնավորապես դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը: ՀՀ վճռբեկ դատարան իր հերթին արձանագրել է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: 

Սկզբնաղբյուրը՝ Iravaban.net

Նույն շարքից