Իրավական 

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը։ Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուպերտ Քոլվիլը:

 

«Մեզ տեղեկացրել են, որ «Իսլամական պետությունը» սեպտեմբերի կեսերին կարևոր հայկական եկեղեցի է ոչնչացրել Սիրիայում՝ Դեր Զորում: Մենք դատապարտում ենք եկեղեցու և այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում է, որ դա բնորոշ է խմբավորման գործունեությանը, որի գրոհայինները Հյուսիսային Իրաքում մզկիթներ, սրբավայրեր և եկեղեցիներ են պայթեցնում:

 

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Սիրիայում ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ հակակառավարական զինված խմբերի վարքը շարունակում է կրոնական և հնագիտական վայրերի ոչնչացման հանգեցնել: Նշվում է, որ այս տարի ավելացել են հակակառավարական զինված խմբերի հարձակումները կրոնական հաստատությունների վրա, ներառյալ՝ Սիրիայում գտնվող եկեղեցիների:

 

«Կրոնական հաստատությունները հատուկ պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է հարգվեն և պաշտպանվեն բոլորի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից