Իրավական 

Բժիշկներին ծեծած եղբայրները համաներվեցին

analitik.am

31- ամյա Հակոբ Կիրակոսյանը եւ 28-ամյա  Գարիկ Կիրակոսյանը, որոնք «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի ընդունարանում  խախտել էին հասարակական կարգը եւ ծեծել բժիշկներին, համաներմամբ ազատ են արձակվել:

Գործի նյութերի համաձայն՝ 31- ամյա  Հակոբ Կիրակոսյանը այս տարվա օգոստոսի 31-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի ընդունարանում խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է գույքի վնասումով եւ անձանց նկատմամբ բռնութայան գործադրմամբ: Նա, իր եղբոր` 28-ամյա  Գարիկ Կիրակոսյանի հետ միասին, վիճաբանության մեջ է մտել հիվանդանոցի բուժանձնակազմի հետ:

«Մասիսի ԲԿ»-ի ընդունարանին կից բժշկական օգնության սենյակում, նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Մասնավորապես, նրանք ընդունարանին հարակից բուժօգնության սենյակում վիճաբանության մեջ են մտել հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, խուլիգանական մղումներով 15-20 րոպե տեւողությամբ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով հարվածել հերթապահ վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանի դեմքին` նրա առողջությանը պատճառել թեթեւ վնաս, դրանով խանգարել է բուժանձնակազմի բնականոն աշխատանքը:

Քննելով գործը դատարանը վճռել է  նրանց  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258--րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձեւով 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն նշանակված պատժին հաշվակցել արգելանքի տակ գտնվելու 3 օրը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 ամիս 27 օր ժամկետով: Նրանց  նկատմամբ կիրառել նաեւ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ նրանց ազատել պատժից:


Սկզբնաղբյուրը՝ News.am

Նույն շարքից