Իրավական 

«Ամերիան»` տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն

analitik.am

«Ամերիա» իրավական–խորհրդատվական ծառայությունը Lawyer Monthly ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն, այս մասին տեղեկացնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Lawyer Monthly ամսագրի մրցանակն իրավական ոլորտում հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի ավելի քան 500 ընկերություն:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական–խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա:

Մասնավորապես, հաշվի է առնվել «Ամերիայի» փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: «Ամերիան» hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների քանակի /ծավալի/, իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա:

Իրավական ոլորտում հայտնի Lawyer Monthly ամսագիրը հիմնականում անդրադառնում է համաշխարհային իրավական համայնքի, մասնավորապես`ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների գործունեությանը:

Նույն շարքից