Իրավական 

Օտարերկրյա դատարանների կայացրած դատավճիռների ճանաչման կարգը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում: Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝


1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.


2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.


3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ օրենքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը:


Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում: Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով: 

Նույն շարքից