Իրավական 

Դատավորի անկախությունը, դատարանի ինքնուրույնությունը և ապաքաղաքականացվածությունը

analitik.am

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի` յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ: Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում` պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով:

Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

Դատավորների կամ դատավորների մասնագիտական միավորումների կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն: 

 

ՀՀ դատական օրենսգիրք

Նույն շարքից