Իրավական 

Իրավական ակտերի ընդունման կարգը

analitik.am

Օրենքի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:


Կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` այդ հանձնաժողովների կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:


Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:


Իրավական այլ ակտերի ընդունման օր է համարվում դրանց տեքստերն իրավասու պաշտոնատար անձանց կողմից ստորագրվելու օրը:


Հանրաքվեներով ընդունված իրավական ակտերի ընդունման օրը որոշվում է հանրաքվեների մասին օրենքներով և «Իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված կարգով:


Իրավական ակտի հերթական համարը սահմանում է իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:


Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով: Իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ), «Ա» (անհատական) և «Լ» (ներքին, լոկալ) տառերով: Սույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո: Համապատասխան նշում չունեցող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն: Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի` նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն: 

Նույն շարքից