Իրավական 

Օրենքի ողջ խստություն՝ կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ դրսևորման համար. Գևորգ Կոստանյան

analitik.am

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ դատախազությունում հրավիրված միջգերատեսչական խորհրդակցություն ժամանակ , ասել է, որ կաշառակերության և կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորում բացառվում քրեական վարույթի ցանկացած փուլում և լինելու դեպքում կպատժվի օրենքի ողջ խստությամբ, այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության կայքը։

«Կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ այլ դրսևորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, այս հարցում որևէ զիջում լինել չի կարող, խորհուրդ չեմ տա իմ այս խոսքերի ճշմարտացիությունը ստուգել սեփական փորձով»,- նշել է Գևորգ Կոստանյանը։

ՀՀ գլխավոր դատախազն ավելացրել է, որ որևէ մեկը, անկախ հասարակության մեջ զբաղեցրած սոցիալական կարգավիճակից, երբևէ չէր ցանկանա, որ իր կամ իր զավակների ճակատագիրը որոշվեր անարդար, կոռումպացված կամ անգրագետ քննիչի կամ դատախազի կողմից:

Գևորգ Կոստանյանը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ անգամ ընդգծել է հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»:

Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության համար ուղենշված մյուս առաջնահերթություններն են՝ քննիչների և դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացումը, քաղաքացու սահմանադրաիրավական և քրեադատավարական իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանվածությունը` նախաքննական մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների բարեխիղճ ու մասնագիտական բարձր մակարդակի իրականացման շնորհիվ, անկախ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի պաշտպանությանը փաստաբանի ներգրավվածությունից կամ ոչ որակյալ իրավաբանական օգնության տրամադրումից:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է վերոնշյալ խնդիրների լուծման և գործնական կիրառման ապահովման նպատակով կազմված «Գլխավոր դատախազի հրամանի նախագիծը», որը կոնկրետ հանձնարարականներ է պարունակում դեպքերի, պատահարների, հանցագործությունների հաշվառման, օպերատիվ-հետախուզական գործունեության և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ոլորտներում քննչական մարմինների և դատախազության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Քննարկման արդյունքում փաստաթղթում կներառվեն նաև քննչական ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությունները։

Այսօր հրավիրված միջգերատեսչական խորհրդակցությանը ներկա են եղել գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, կայազորներ, ղեկավար դատախազներ, ինչպես նաև ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմներ:

Նույն շարքից