Իրավական 

Դիմել դատարան՝ ընդդեմ «Կենսաթոշակային պարտադիր վճարների» օրենքի

analitik.am

Հունվարի 18-ին`  ժամը 14:00-ին,  Ազատության հրապարակում կկայանա հավաք-երթ՝ ընդդեմ «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Վերջիններիս խոսքով ՝ ակցիան նպատակ ունի հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ ուժի մեջ է մտել հակասոցիալական և հակասահմանադրական օրենք: «Մենք պետք է ցույց տանք, որ այս պայքարը  մի քանի արկածախնդիր երիտասարդների զբաղմունք չէ:  Մենք պարապ չենք մնացել: Բոլորս էլ շատ զբաղված ենք, իսկ այս պայքարը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման նոր փուլ է»,- ասաց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը:  


Ըստ նրա, եթե ՍԴ-ն անգամ չբավարարի միջնորդությունը, ապա այն իրենց համար վերջնական կետ չէ. «Կարևորը համախմբված լինենք: Սայլն արդեն տեղից շարժվել  է, քանի որ մարդիկ դուրս են գալիս փողոց ու պայքարում: Գուցե այնպես չէ, ինչպես մենք կցանկանայինք, բայց ամեն դեպքում շատ բան արվում է»: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սևակ Ծատրյանը, հորդորեց քաղաքացիներին, որպեսզի չընտրեն ֆոնդի կառավարչիներ.


«Մի՛ արեք ոչ մի քայլ: Ճիշտ է, եթե մենք չընտրենք ֆոնդի կառավարիչ, ապա մեխանիկորեն մեր փոխարեն կընտրեն, բայց այդ քայլով  ցույց կտանք, որ չենք ընդունում օրենքը»: Բանախոսը խորհուրդ տվեց քաղաքացիներին, որ աշխատավարձի առաջին իսկ պահման դեպքում դիմեն դատարան և դատարանները հեղեղեն դիմուներով.


«Մենք դրա իրավունքն ունենք, քանի որ  Սահմանադրությանը հակասելով մեզանից տանում են մեր գումարները: Դա գրպանահատություն է»: Հանդիպման վերջում երիտասարդներին վստահեցրին, որ պատրաստվում են պայքարել մինչև վերջ՝ դուրս չգալով օրինականության սահմաններից. «Եթե մեր քայլերը արդյունք չտան, նախատեսվում է քաղաքացիական անհնազանդություն, ինչպես նաև  կփակենք փողոցները, կկազմակերպենք գործադուլներ՝ իհարկե դուրս չգալով օրենքի սահմաններից»:


Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրականության հարցը մարտի 28-ին քննարկվի Սահմանադրական դատարանում: Իսկ հունվարի 25-ին ՍԴ-ն որոշում կկայացնի օրենքը ժամանակավորապես կասեցնելու մասին: 

Նույն շարքից