Իրավական 

ՓՊ նախագահն ամփոփեց պաշտոնավարման 100-օրյակը

analitik.am

Մարզերում լավ չէ փաստաբանների վիճակը, և շատ մարզերում փաստաբանները գործունեություն են ծավալում նվաստացուցիչ պայմաններում՝ չունենալով գրասենյակներ: Շատ անգամ եղել են դեպքեր, երբ փաստաբաններին հաճախորդներն անգամ փորձել են բնամթերքով փոխհատուցել:

 

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանը:

 

Ասուլիսին հրավիրված էին նաև պալատի նախագահի երկու թեկնածուները. Տիգրան Աթանեսյանը չէր կարող մասնակցել, բայց իր դիտարկումները ներկայացրեց նամակով: Իսկ մյուս թեկնածուն՝ Կրոմվել Գրիգորյանը, ներկա էր ասուլիսին:

 

Փաստաբանների պալատը որոշակի համագործակցության ծրագիր ունի մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ, որը պատրաստվում է ներդնել:

 

«Որպես համագործակցության արդյունք՝ փաստաբաններին կտրամադրեն անվճար սենյակ՝ գրասենյակներ չունեցող փաստաբանների համար, իսկ ամսվա մեջ մեկ օր բնակիչներին նրանք անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն»,-ներկայացրեց Արա Զոհրաբյանը:

 

Պալատը կառուցվածքային բարեփոխումների համատեքստում ծրագրում է մարզերում ունենալ համապատասխան համակարգողներ և պատասխանատուներ, որոնք ի մի կբերեն առկա խնդիրները և կներկայացնեն Պալատին:

 

Անցած 100 օրերի ընթացքում կատարված աշխատանքներ մի մասը վերաբերում էր պալատի գործունեության թափանցիկությանը:

 

Այժմ Պալատի խորհրդի և նախագահի որոշումները հրապարակվում են Պալատի կայքում, որը հնարավորություն է տալիս առցանց հետևել պալատի խորհրդի նիստերին, ինչը, ըստ Արա Զոհրաբյանի, կտա 2 առավելություն:

 

«Առաջին, Պալատի խորհրդի անդամների մոտ զսպվածություն կառաջացնի, որ նիստերը չանեն տնավարի, նաև՝ փաստաբաններն էլ կիմանան՝ ինչով են զբաղվում իրենց ներկայացուցիչները»,-նշեց Պալատի նախագահը: Կայքում պարբերաբար տեղադրվում են նաև ֆինանսական հաշվետվություններ, որոնք շարքային քաղաքացուն հնարավորություն են տալիս տեղեկանալ, թե ինչ մուտքեր և ելքեր են եղել ՓՊ-ում:

 

«Ցանկացած քաղաքացի կարող է իմանալ, թե ինչ է կատարվում Պալատում՝ ֆինանսական-տնտեսական մասով»,-ասաց Արա Զոհրաբյանը:

 

Արա Զոհրաբյանն առանձնացրեց վարվող կադրային քաղաքականությունը, որի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ցանկացած ոչ արհեստավարժ փաստաբանը չարիք է ինչպես պետության, այնպես էլ կազմակերպության համար՝ սկսած վարորդից:

 

Պալատում այս ընթացքում ներդրվել է ֆինանսական տնօրենի ինստիտուտը, որն իրականացնում է Պալատի ֆինանսատնտեսական քաղաքականությունը, զարգացել է մամլո խոսնակի ինստիտուտը, Պալատը ակտիվացել է նաև հանրային դաշտում:

 

Պալատի նոր նախագահը լուրջ ուշադրություն է հատկացնում արտաքին կապերին:

 

Առաջին պաշտոնական այցը Փաստաբանների պալատը կատարել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ ներկայացուցիչները հանդիպել են ԼՂ նախագահի, վարչապետի, Փաստաբանների պալատի նախագահի հետ: Ծավալված քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացնել ԼՂ փաստաբանների իրավակրթական մակարդակը:

 

Պայմանավորվածություններից մեկն այն է, որ Ղարաբաղի փաստաբանները պետք է սովորեն կամ վերապատրաստվեն ՀՀ փաստաբանական դպրոցում: ՓՊ-ն դա ծրագրում է իրականացնել՝ ներդնելով հեռահար ուսուցման մոդելը:

 

Այս տարվա դեկտեմբերի 7-ից Պալատն անդամակցում է Փաստաբանների միջազգային միությանը:

Նույն շարքից